Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի կժդեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721թթ.), Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ Ռուսաստան միանալիս Օրուն միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պյոտր 1-ի հետ։ժ, բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։